National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.08.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը Համահայկական կրթական 7-րդ համաժողովի մասնակիցներին
1 / 1

Ողջույնի ուղերձն ընթերցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:

Ուղերձում ասված էր.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի մանկավարժներ, ուրախությամբ ողջունում եմ բոլորիդ` այս խորհրդաժողովը դիտարկելով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանն ուղղված եւս մեկ կարեւոր քայլ: Խորհրդանշական է, որ Համահայկական կրթական 7-րդ համաժողովը տեղի է ունենում մեր միասնական հայրենիքի` Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի նախաշեմին:

Արտերկրի յուրաքանչյուր հայկական կրթօջախում ի պահ են հանձնված հայ լեզուն, հայ միտքն ու հայ խոսքը` գրավոր ու բանավոր վիճակով, ի պահ են հանձնված վստահությամբ ու հավատով: Դրանցում հոգին ու հոգեւորը ոչ միայն երբեւիցե չեն կորսվում, այլեւ հարստանում ու ծավալվում են: Սփյուռքի հայկական դպրոցում յուրաքանչյուր աշակերտ գտնում է մի կտոր Հայաստանից ու հայի ներաշխարհից:

Սիրելի հայրենակիցներ, հայեցի դաստիարակությունը պետք է լինի ոչ թե սոսկ խոսք, այլ` երեւույթ, որից ծնվում են հայրենասիրությունն ու մարդասիրությունը, ազգասիրությունն ու խիզախությունը: Նաեւ այդ դաստիարակությունն էր, որ ինքնազոհաբերման էր մղում ապրիլյան վերջին պատերազմական իրադարձությությունների հերոսներին, որոնց զգալի մասը մեկ-երկու տարի առաջ էր հրաժեշտ տվել դպրոցին: Նաեւ այդ դաստիարակության շնորհիվ էր, որ արցախյան ազատամարտին մասնակցեցին սփյուռքից արյան կանչով Արցախին օգնության հասած մեր բազմաթիվ հայրենակիցներ: Սա դաստիարակության` կրթական գործընթացի անբաժանելի բաղադրիչի ամենատեսանելի արդյունքներից մեկն է:

Սփյուռքում դաստիարակություն ասվածը անվերապահորեն շաղկապված է ազգապահպանության հետ, որովհետեւ միայն հայրենասիրությամբ ու ազգասիրության ոգով, սեփական ժողովրդի պատմության լավագույն դրվագներով դաստիարակված հայորդին ու հայուհին են, որ վստահորեն կարող են իրենց վրա վերցնել ոչ միայն հայ մնալու, այլեւ հայապահպանության մեջ իրենց ավանդը ներդնելու պատասխանատվությունը: Այս առումով սփյուռքի դպրոցներն ու ուսուցիչներն ունեն այնպիսի մի առաքելություն, որն իր մեջ փառք ու պատիվ բովանդակելուց բացի նաեւ պարտք ու պատասխանատվություն է թե՛ ազգի, թե՛ նրա անցյալի ու ապագայի պատմության առաջ:

Սիրելի հայրենակիցներ, մեր փոխարեն ոչ ոք մեզ չի հարգելու եւ սիրելու, ոչ ոք մեր արժեքները մեզ չի մատուցելու, ոչ ոք մեր լեզուն մեզ ավելի հարազատ չի դարձնելու, քան մենք ինքներս: Դուք եւ ի դեմս ձեզ` սփյուռքի մեր կրթօջախները, դրանց կոլեկտիվները, սաները, թե՛ նյութապես, թե՛ հոգեպես սատարողներն ու աջակցողներն ազգ ու հայրենիք, լեզու եւ ոգի կրողներն եք: Դուք դա անում եք արժանապատվորեն` գիտակցելով այդ ամենը պահպանելու եւ յուրաքանչյուր հաջորդ սերնդին փոխանցելու կենսական անհրաժեշտությունը: Առանց կրթության, առանց կրթված ազգ լինելու մենք լավագույն դեպքում կարող ենք հավակնել պատմության մեջ խորհրդանշական կամ լուսանցքային դերի ու աննշան հետքի, այն էլ միգուցե ոչ մեր անվամբ: Այդ դեպքում պատմությունը չի ների ոչ մեկին:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր այն հոգեւոր ու աշխարհիկ այրերին, բոլոր այն ուսուցիչներին ու բարերարներին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ պահպանվում եւ միշտ վառ է մնում հայ լեզուն ու լույսն աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների մեջ, հայ համայնքներում: Հայրենիքի ու սփյուռքի, նրանց կապի ամրությունը եւ հարատեւությունը, հայ մնալու երաշխիքը մեծապես պայմանավորված են նաեւ դպրոցի, ուսուցչի եւ աշակերտի գոյությամբ ու ներկայությամբ: Մենք բոլորս` հայրենիքում թե սփյուռքում, պետություն թե մասնավոր հատված, անհատ թե մարդկանց խումբ, պարտավոր ենք միասին ամեն ինչ անել` նրանց աջակցելու եւ սատարելու համար: Այս խորհրդաժողովը, որի` արդեն յոթերորդ անգամ անցկացվելը նրա արդյունավետ շարունակականության վկայությունն է, այդպիսի քայլերից մեկն է: Համոզված եմ, որ խորհրդաժողովի հագեցած օրակարգի շուրջ քննարկումներում բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Եւս մեկ անգամ ողջունելով բոլորիդ` մաղթում եմ արդյունավետ աշխատանք` ի շահ հայ դպրոցի, հայ լեզվի ու հայ ինքնության»:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am